Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Տիեզերքի ընթերցումը

Տիեզերքի ընթերցումը
22.10.2013 | 11:30

Աստծուն հավատալը գիտություն չէ, այլ առաքինություն: Բանականությունը չէ, որ համոզում է սրտին, այլ հենց ինքը՝ սիրտն է համոզում բանականությանը: Ճիշտ այդպես, բարոյական ճշմարտությունների ոլորտում ոչ թե բանականության ապացույցն է համոզում խղճին, այլ խիղճն է համոզում բանականությանը: Աստծո հանդեպ ունեցած հավատն ու վստահությունը ապրում են մեր սրտում, ուստի և մեր բանականության մտածումներում: «Չէ՞ որ Աստված ուզում էր,- ասում է Պասկալը,- որ աստվածային ճշմարտությունները ոչ թե բանականության միջոցով մտնեն սիրտ, այլ սրտի միջոցով մտնեն բանականություն, քանի որ մարդկային գործերը պիտի ճանաչվեն, որպեսզի սիրվեն, իսկ աստվածային գործերը ճանաչելու համար պետք է դրանք սիրել»:

Աստծո գոյության ապացույցը նախ մեզ շրջապատող բնությունն է. «Երկինքները պատմում են Աստծո փառքը, և հաստատությունը իմացնում է Նրա ձեռքի գործերը: Օրը օրին խոսք է բխում, և գիշերը գիշերին գիտություն է ցույց տալիս: Լեզու և խոսք չկա, բայց նրանց ձայնը լսելի է, և նրանց բարբառը դուրս է գալիս ամեն երկիր և մինչև աշխարհի ծայրերը…» (Սաղմ. 19.1-4): Երկինքը իր անթիվ-անհամար աստղ ու մոլորակներով, երկիրը իր դաշտ ու սարերով Աստծո փառքն են հայտնում մեզ:
Օդեղենից վեր՝ երկնային լուսեղեն գոտու «սահմաններն արփի» սուզվող բանաստեղծը Աստծո ամենակարողությունն է տեսնում: Ամենակարողություն, որ երևան է եկել արարչության մեջ: Աստծո ստեղծագործությունն անմիջական է. երբ Նա ասաց՝ «Թող Լույս լինի», ոչ թե լույսն սկսեց ստեղծվել, այլ անմիջապես` ամբողջացած վիճակով գոյություն ստացավ` լույս եղավ:
Արարելը ամենակարողություն է ենթադրում, իսկ արարվածը կառավարելն ու արարվածի նկատմամբ հոգ տանելը ամենակարողության պահանջն է: Երկնային մարմիններն իրենց ընթացքի մեջ պահելու համար նույնքան կարողություն է պետք, որքան դրանք ստեղծելու համար: Աստծո ամենակարողությանը հաղորդակցվող բանաստեղծին աստվածային զորությունը շնորհում է ամեն ինչ, որ վերաբերում է կյանքին և աստվածպաշտությանը` ճանաչել տալով Նրան, Ով կանչել է Իր փառքին և առաքինությանը:

Որ հայացք ես ինձ տվել վերամբարձ`
Սուզվելու վերին սահմաններն արփի,
Որ միտք ես տվել երկնաճեմ ու բաց`
Չափելու ահեղ բացերն անչափի,

Որ կապել ես մեզ, հոգիս Քեզ արել`
Հոգուս անհունի հրճվանքը տալով,
Բարձր ճակատիս ժպիտ ես վառել,
Վառել, զարդարել արփենի փայլով,

Անթարթափ աչքով, անխարխափ հոգով
Կարդում եմ Քո վեհ ազդումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
ՈՒ գիշերները ահավոր ու պերճ:

ՈՒ վերանում է հոգիս զվարթուն-
Չկա մոտ ու տար, չկա վեր ու ցած,
Տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն,
ՈՒ ես մի ազատ, անտարբեր աստված:

Ինչպես որ մարդու դեմքի վրա իր տեսանելի արտահայտությունն է գտնում անտեսանելի հոգին, այնպես էլ Աստծո տեսանելի արարչության վրա իր արտահայտությունն է գտնում Աստծո Սուրբ Հոգին: Աստծո ձեռքով ստեղծված Երկինքն ու Երկիրը և այն ամենը, ինչ կա Երկնքում և Երկրի վրա, յուրահատուկ գաղտնիքներ են թաքցնում իրենց մեջ և մեզ մղում են դրանց բացահայտմանը: Բայց գաղտնիքների գաղտնիքը Աստված Ինքն է: Աստծուն գտնելու համար պետք է փնտրել Նրան, փնտրելու համար պետք է ճանաչել Նրան, իսկ ճանաչելու համար պետք է սիրել Նրան:
Նրանք, ովքեր ոչ մի բան չեն ուզում իմանալ Աստծո մասին, Նրան չեն գտնի նաև արարչագործության մեջ: Արարչագործությունը Աստծո մասին կխոսի միայն նրանց հետ, ովքեր կճանաչեն Նրան, և կբացահայտվի միայն նրանց, ովքեր կսիրեն Նրան: Թումանյանի համար արարչագործությունը ստվարածավալ մի գիրք է, որի յուրաքանչյուր էջ տոգորված է Արարչի վեհ ապրումներով.

Անթարթափ աչքով, անխարխափ հոգով
Կարդում եմ Քո վեհ ապրումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
ՈՒ գիշերները ահավոր ու պերճ:

Բանաստեղծը հավատում է տեսածին և զգացածին: Նա Աստծուն գտնում է իր սեփական հոգում, իր հոգեկան հատկությունների, մտավոր ունակությունների մեջ. «Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով ու Իր նմանությամբ» (Ծննդ. 2): ՈՒրեմն, նա, ով չի ճանաչում Աստծուն, չի ճանաչում նաև ինքն իրեն: Թումանյանին հետաքրքրում է ոչ թե Աստծո գոյության, այլ Աստծո ով լինելու հարցը, Նրա եռամեկությունը, Նրա էությունը և գործելակերպը:
Բանաստեղծի համար Աստծո գոյությունը ապացուցման կարիք չունի, արդյոք հնարավո՞ր է սահմանափակ մարմնավոր խելքով հասկանալ Նրա եռամեկությունը (Երրորդությունը), մեծությունը և իմաստությունը: Աստված Հոգի է, հավիտենական, իսկ մարդը` մարմին, ժամանակավոր ու սահմանափակ: Երկու աշխարհ, երկու ոլորտ, և այնքան իրարից տարբեր: Առանց Աստծո մասնակցության մարմինը չի կարող մտնել Սուրբ Հոգու հանգրվանը և իմանալ Աստծո գաղտնիքները, բայց Աստծո Սուրբ Հոգին կարող է մտնել մարդու սրտի մեջ և մարդու համար բացել Անսկիզբի ու Անվերջի գաղտնիքները:
Աստծո ճանաչումը գալիս է հայտնության և հավատի ճանապարհով և ոչ թե ֆիզիկական աչքերի տեսողության ճանապարհով: Անաստված մարդիկ ուզում են Աստծուն տեսնել ֆիզիկական աչքերով, բայց չգիտեն, որ ֆիզիկական աչքերը չեն կարող դիմանալ «Լույսերի Հոր» փայլատակումին:
Իր ուսուցչի հետ ծաղկած ծառերի և ծաղիկների շարքերի միջով քայլող երիտասարդ Տրոյանոս կայսրը, տեսնելով և զգալով այդ գեղեցկությունն ու բույրը, անսպասելի հարցրեց.
-ՈՒսուցի՛չ, ցույց տուր ինձ Աստծուն… կենդանի ու միակ Աստծուն, Արարիչ Աստծուն:
Խելամիտ ուսուցիչը մի պահ լռելուց հետո պատասխանեց.
-Տրոյանո՛ս, ես քեզ խնդրում եմ, որ մի քանի րոպե անթարթ աչքերով նայես Արեգակին:
-Ինչպե՞ս կարող եմ նայել Արեգակին առանց սև ապակու: Պայծառ լույսը կկուրացնի ինձ,- ասաց Տրոյանոսը:
-Իսկ դու ինչպե՞ս կարող ես նայել Աստծուն` Արեգակն Ստեղծողին,- հանգիստ պատասխանեց ուսուցիչը:

Որ հայացք ես ինձ տվել վերամբարձ`
Սուզվելու վերին սահմաններն արփի,
Որ միտք ես տվել երկնաճեմ ու բաց`
Չափելու ահեղ բացերն անչափի...

Խոսքը վեր բարձրացած, դեպի վեր ուղղված երկնային ու հոգևոր հայացքի մասին է, որ կարող է սուզվել «սահմաններն արփի»՝ դեպի մեր գալակտիկան, դեպի Ծիր կաթին, դեպի Տիեզերքի խորքը: Երկնաճեմ միտքը նույնպես ի վերուստ է տրված, որ ոչ միայն ուղղված է դեպի երկինք, այլև երկինք գնացող է, երկնքում ճեմող: Եվ այդ միտքը բաց է, անսահմանափակ, որպեսզի կարողանա չափել չափերն Անչափի:
Փաստորեն, Թումանյանը Աստծո երկնային հայացքով է սուզվում մարդու հայացքի համար անհաղթահարելի Անսահմանի սահմանների մեջ և Աստծո մտքով է չափում մարդու մտքի համար անհաղթահարելի Անչափելիի բաց տարածքները: Բանաստեղծը Աստծո հետ ընդհանուր զգացումներ ու մտքեր ունի, Աստված Իր Սիրտը բացում է նրան և նրա հետ խոսում Իր սիրտն զբաղեցնող բաների մասին: Պոետը հասկանում է Նրա խոսքերը և բաժանում Նրա զգացումները: Մի՞թե Աստծուն հասկանալն ու Նրան իմանալը չեն ամենամեծ առանձնաշնորհումը, ոչ միայն Նրա օրհնություններն ու բարիքները վայելելը, այլ հենց Իրեն` Աստծուն ճանաչելը: Սա իրականություն է դարձել բանաստեղծի կյանքում` նրա հոգուն «Անհունի հրճվանքը տալով».

Որ կապել ես մեզ, հոգիս Քեզ արել`
Հոգուս անհունի հրճվանքը տալով,
Բարձր ճակատիս ժպիտ ես վառել,
Վառել, զարդարել արփենի փայլով...
Բանաստեղծի հոգևոր կյանքի ամեն մի դարձվածք առնչվում է Աստծո Խոսքի հետ, այսինքն` Աստծո Շնչի հետ. «Ամբողջ Սուրբ գիրքը Աստծո Շունչն է» (Բ Տիմ. 3.16)): Քանի որ Խոսքը Աստծո Շունչն է, և Աստված Հոգի է, ուրեմն ինչ էլ որ Աստված արտաբերի, պետք է Հոգի լինի: Այսպիսով` Աստծո Խոսքի էությունն ու բնությունը Հոգի են: Աստծո Խոսքը միայն միտք, հայտնություն, ուսմունք կամ վարդապետություն չէ, այլ Հոգի է: Հոգին Աստծո Խոսքի բուն բովանդակությունն է: Ահա թե ինչու հայտնությունը, միտքը կամ ուսմունքը կյանք չեն կարող լինել, բայց քանի որ Խոսքը Հոգի է, ուրեմն կյանք է: Աստծո Խոսքի բնությունը Իր իսկ էությունն է: Երբ էլ որ մարդն առնչվում է Խոսքի հետ, պետք է իմանա, որ դիպչում է Իրեն` Խոսքի Հեղինակին: ՈՒրեմն Աստվածաշունչը` Ավետարանը, Անձ է:
Թումանյանն իր ընթացքն ու գաղափարները քննում է Աստծո Խոսքով: Բոլոր տեսակ շնչավոր մտքերն ու գաղափարները, որոնք քննություն չեն բռնում Աստծո Խոսքի առջև, նրա համար բացարձակապես ոչ մի արժեք չունեն: Այն, ինչ Աստծո Խոսքն է ասում, դա է միայն հեղինակություն, և ինչ Աստծո Խոսքին է համահունչ, դա է միայն ընդունելի:
Ասել է թե` Սուրբ գրքի ընթերցումը Թումանյանի ամենօրյա զբաղմունքներից է եղել: Բնության համընդհանուր օրենքներից մեկի` էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքի հայտնագործող Ռոբերտ Մայերը գրում է. «Սուրբ գիրքը, որին ամենից շատն եմ կարոտում, ամեն օր մի քանի ժամ ինձ քաղցրություն է պարգևում: Աշխարհի ունայնությունից հեռացած սիրտս ողջ զորությամբ իրեն տրամադրում է աղոթելու, և ապրելով վեհասքանչ բնությամբ` Աստծո ձեռքի գործերով, չեմ տեսնում ուրիշ առավել հրաշալի բան, քան սեփական անձս առ Արարիչ բարձրացնելը»:

ՈՒ վերանում է հոգիս զվարթուն -
Չկա մոտ ու տար, չկա վեր ու ցած,
Տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն,
ՈՒ ես մի ազատ, անտարբեր աստված:

Աստված ընդլայնել է պոետի սահմանները, նրա համար չկա «մոտ ու տար», չկա «վեր ու ցած»: Անսահման տիեզերքն է նրա տունն ու հայրենիքը, և նա ազատ է, անտարբեր, նման այն ճամփորդին, որ գիտի՝ որտեղից է եկել և ուր է գնում: Կյանքի բոլոր հուզումների, տագնապների և կասկածների մեջ նրա ներսում խաղաղություն է տիրում, քանի որ, ըստ Աստծո Խոսքի, մեծագույն և պատվական խոստումներ են տրված նրան, որոնցով հաղորդակից էր աստվածային բնությանը (Բ Պետր. 1.4): Նրա վերստին ծնված հոգին աստվածային էր, անմահ և պատկանում էր վերին անապական ու կատարյալ երկինքներին:
Իր հոգին «անտարբեր աստված» համարողը իրեն չի նույնացնում Աստծո հետ, այլ ընդգծում է լոկ իր հավիտենությունն ու անմահությունը: Նա անտիկ աշխարհի մտածողների նման չէր կարծում, թե մարդու էությունը փոխարկվում է աստվածայինի, երբ մարդը խորհի աստվածայինի մասին: Հեռու էր նաև այն մտքից, որ այդ փոխակերպումը մարդը կարող է իրականություն դարձնել բանականության, տեսողության կամ զգացողություններից բխող իմացության միջոցով: Այդ մտածողները չէին պատկերացնում, որ այդ փոխարկումը, կերպարանափոխումը կարող են իրականություն դառնալ փառքը տեսնելու միջոցով: Նրանք չէին կարող պատկերացնել, որ Խոսքը կարող է մարմին առնել: Թումանյանից շատ առաջ հրեա մտածողները պնդում էին, որ մարդը կարող է աստվածային դառնալ, բայց երբեք չէին կարծում, թե Աստված կարող է մարդանալ: Երբ Աստված Իր փառքը հայտնեց Մովսեսին, այդ փառքը լի էր շնորհով և ճշմարտությամբ: Բայց երբ Աստված մարդացավ, երբ «Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ», այդ փառքը տեսանք ինչպես Հորից եկած Միածնի փառք՝ դարձյալ շնորհով և ճշմարտությունով լցված: Հիսուսի առաջին գալուստով Աստված Իր սերը հայտնեց մարդկանց, ինչպես դա հայտնվել էր Մովսեսին, այսինքն` Մովսեսի օրոք Աստված Իր ժողովրդի հետ տապանակվեց անապատում, իսկ Հիսուսի օրոք, որպես Խոսք, տապանակվեց Իր վերածնված ժողովրդի սրտի մեջ: Շնորհը և ճշմարտությունը, ճիշտ է, հստակորեն ներկայացված են օրենքում, սակայն դրանց վերջնական արտահայտությունը Խոսքով մարմնավորվեց: Մովսեսը տեսավ Աստծո փառքի մի մասը միայն, սակայն Հիսուսի անձով մարմնավորված Աստծո էությունը իրենց մեջ առան Նրա բոլոր ժառանգակիցները` «զվարթուն հոգիները», որոնց համար «չկա մոտ ու տար, չկա վեր ու ցած», որոնց համար «տիեզերքն ամբողջ հայրենիք է ու տուն», և իրենք՝ «ազատ, անտարբեր աստված»:
Բանաստեղծի համար Աստված արտահայտությունն է բնության մեջ և կյանքում եղած ամենայն ինչի, որ կյանքը ինքը Նրա աստվածային էության դրսևորումն է:

Արտակ ՈՍԿԱՆՅԱՆ

Գրող, հրատարակիչ

Դիտվել է՝ 3632

Մեկնաբանություններ